ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Մեկ մարդու համար նախարարություն են պահում

Մեկ մարդու համար նախարարություն են պահում
05.02.2019 | 08:12

Սուպերվարչապետության «լուծը» չթոթափած, հիմա էլ կառավարությունը սուպերնախարարություններ է ստեղծում։ Սուպերնախարարի հավակնորդներից են Արայիկ Հարությունյանը և Սուրեն Պապիկյանը։ Առաջինը «կուլ» է տալու ոչ միայն մշակույթի, այլև սպորտի, երիտասարդության հարցերի նախարարությունները և սփյուռքի մի հատվածը։ Սուրեն Պապիկյանին էլ բաժին կհասնեն էներգետիկայի, տրանսպորտի նախարարության մի հատվածն ու պետգույքի կոմիտեն։


Դեռ հարց է, թե այսքան մեծ նախարարություններն ինչպես է ղեկավարելու մեկ անձը, սակայն առավել հետաքրքիրն այն է, թե ինչու են սուպերնախարարական լիազորություններով օժտում Արայիկ Հարությունյանին և Սուրեն Պապիկյանին։
Օրինակ, Արայիկ Հարությունյանը դեռ որպես ԿԳ նախարար պետք է հանրությանը հաշվետու լինի, թե ինչ է արել անցնող ամիսների ընթացքում, հետո միայն նրա ուսերին այդքան մեծ լիազորություններ դրվեն։ Այլ խոսքով, անհասկանալի ձևով են կառավարության կառուցվածքային փոփոխություններն իրականացվում, չկան նաև մասնագիտական որոշակի քննարկումներ, կառավարությունը միանձնյա, առանց համապատասխան փորձագետների որոշում է իրարից բավականին տարբեր, օրինակ, ներդրումների ու գյուղատնտեսության նախարարությունները միավորել։ Բավականին շատ խնդիրներ կան, սակայն արդեն փետրվարի 9-ին համապատասխան նախագիծը կներկայացվի խորհրդարանի դատին։ ՈՒ դժվար չէ ենթադրել, որ ինչ էլ գրված լինի այդ նախագծում, 88 պատգամավոր միահամուռ կողմ կքվեարկի։


Մեկ դրվագի ևս հարկ է անդրադառնալ. միավորվում կամ «փակվում» են նախարարություններ, որոնք հանրության տարբեր շերտերի դժգոհությունն են հարուցում, մինչդեռ «չեն կպնում» այնպիսի նախարարության, որը նախկինում բավականին հաջող աշխատում էր այլ գերատեսչության ենթակայությամբ։ Խոսքը ՀՀԿ-ն առաջինը լքած, արտակարգ իրավիճակների նախարարությունը ղեկավարող Ֆելիքս Ցոլակյանի մասին է։ Եթե նախկինում հատուկ մարդկանց համար նախարարություններ էին «բացվում», հիմա հատուկ մարդկանց համար նախարարություն են «պահում»։ Հիշեցնենք, որ 2008-ին է արտակարգ իրավիճակների նախարարությունը ստեղծվել, 2014-ին միակցվել է տարածքային կառավարման նախարարությանը, 2016-ին կրկին առանձնացել։ Կառավարության կառուցվածքի այսօրվա տրամաբանությամբ` Ցոլակյանի գերատեսչությունը կարող է մեկ այլ նախարարության հետ միավորվել, բայց Ֆելիքս Ցոլակյանի «խաթեր» նրա նախարարությանը ձեռք չեն տալիս։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2145

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ